Բունդեսթագի բանաձևի ընդունումը նոր դռներ է բացում դեպի նոր ճանաչումներ. Շարմազանով
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ Գերմանիան հերթական երկիր չէ, Գերմանիան ԵՄ առանցքային պետություններից է, Թուրքիայի դաշնակիցն է եղել, ուստի, Ցեղասպանության ճանաչումը շատ կարևոր է: «Այսօր ես հեռախոսազրույց եմ ունեցել Բունդեսթագի փոխնախագահ տիկին Բուլմանի հետ, ես բարձր եմ գնահատել գերմանացի պատգամավորների նման դիրքորոշումը, ևս մեկ անգամ վերահաստատել եմ, որ առանցքայինը նա է, որ մի պետություն, որն առաջին աշխարհամարտում եղել է Թուրքիայի դաշնակիցը, ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Տարոսը մնացած երկրներին»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: Դիտարկմանը, թե հայ-թուրքական հարաբերություններն ավելի կվատանան, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Հայաստանի Հանրապետության կարծիքը հստակ է՝ հայ-թուրքական արձանագրությունները պատմության խորքային դարակ է մտցրել Թուրքիան, վերջինս է հանդես եկել նախապայմաններով, ուստի, հաշտեցման համար հենց Թուրքիան պետք է քայլեր կատարի: «Ուշ թե շուտ միջազգային քաղաքականության բոլոր դերակատարները պետք է ճանաչեն, եթե ուզում են, որ նոր ցեղասպանություններ չկրկնվեն: Բունդեսթագի բանաձևի ընդունումը նոր դռներ է բացում դեպի նոր ճանաչումներ, դռներ է փակում դեպի ժխտողականություն, նորանոր հանցագործություններ մարդկության նկատմամբ: Դժբախտաբար, Թուրքիայի ղեկավարությունը պատրաստ չէ առերեսվել սեփական պատմության հետ»,- ասաց ՀՀԿ խոսնակը:
