Թուրքիայում կոչ են անում ընդհատել ԵՄ-ի հետ գործարքը
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին կոչ է արել ընդհատել ԵՄ-ի հետ միգրացիոն համաձայնությունը՝ որպես պատասխան Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, հայտնում է RIA Novosti-ն: «Այդ որոշումը ծանր վերք է հասցրել և խորացրել է փոխադարձ անվստահությունը, նրանք ստվեր գցեցին մեր հին դաշնակցային հարաբերությունների վրա: Մեր ազգային խիղճը հանգստացնելու համար, Թուրքիայի կառավարությունը պետք է վերանայի «Ինջիրլիք» ավիաբազայում գերմանացի զինծառայողների ներկայության թույլտվությունը և ռեադմիսիայի համաձայնագիրը»,- հայտարարել է Բահչելին լրագրողներին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Բունդեսթագի որոշումը լրջորեն կազդի թուրք-գերմանական հարաբերությունների վրա:
