ՄԻԵԴ-ը ճանաչել է քաղբանտարկյալներ Յունուսների խոշտանգումներն Ադրբեջանում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) այսօր հրապարակել է ադրբեջանցի իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուս ամուսինների գործով վճիռը, որում ՄԻԵԴ-ը ճանաչել է Եվրոպական համաձայնագրի 3-րդ հոդվածով (խոշտանգումների արգելում) նրանց իրավունքների խախտումն Ադրբեջանում: ՄԻԵԴ-ը վճռել է, որ Ադրբեջանի կառավարությունը պարտավոր է 13 հազարական եվրո փոխհատուցում վճարել նրանցից յուրաքանչյուրին, և ևս 4 հազար եվրո վճարել դատական ծախսերի դիմաց: «Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԻԵԴ-ը պարզել է, որ մինչ դատական գործընթացը Յունուս ամուսիններին անհրաժեշտ որակյալ բժշկական օգնություն չի ցուցաբերվել, ինչը գնահատվել է որպես խոշտանգում: ՄԻԵԴ-ը նաև վճռել է, որ Ադրբեջանի կառավարությունը չի հետևել Եվրոպական համաձայնագրի 34-րդ հոդվածով (անհատական բողոքներ) իր պարտավորություններին: Փաստաբան Ջավադ Ջավադովը «Թուրան»-ին հայտնել է, որ այդ հոդվածը կիրառվել է այն բանի հետ կապված, որ ամուսինների պաշտպան Խալիդ Բագիրովը հեռացվել է փաստաբանական գործունեությունից և թույլ չի տրվել շփվել ձերբակալված Յունուսների հետ: Լեյլա եւ Արիֆ Յունուսները 2015 թվականի օգոստոսի 13-ին ծանր հանցագործությունների դատարանի կողմից դատապարտվել են համապատասխանաբար 8,5 և 7 տարի ժամկետով ազատազրկման` դատարանի կողմից միջազգային չափանիշների կոպիտ խախտմամբ։ 2015 թվականի դեկտեմբերի 9-ին նրանց պայմանական ազատ են արձակել 5 տարի փորձնական ժամկետով: Երկու իրավապաշտպաններն էլ ձերբակալվել էին իշխանություններին քննադատելու և հասարակական գործունեության համար:
