Թուրք պատգամավորը Էրդողանին է մեղադրել Բունդեսթագում ցեղասպանության բանաձևի ընդունման համար
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-ՑՀՊ) պատգամավոր Բյուլենթ Քուշօղլուն մեկնաբանել է Բունդեսթագի կողմից հայկական բանաձևի ընդունումը: Նրա բնորոշմամբ՝ Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ողջ պատասխանատվությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա է, հաղորդում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Haber7.com» լրատվական կայքի՝ Twitter միկրոբլոգում իր էջում կատարած գրառման մեջ Քուշօղլուն մասնավորապես ասել է հետևյալը. «Թուրքիան դրսում այնքան թույլ և հեղինակազուրկ է, որ հակառակ 3.5 միլիոնանոց թուրքական համայնքին, կարողացան ցեղասպանություն բառն օգտագործել: Քանի դեռ կա ՌԹԷ-ն (Ռեջեփ Թայիփ Էրդողան), մենք միշտ գլխացավանքի մեջ ենք լինելու»:
