Անցյալի հետ առերեսումը ցավոտ է, բայց ազնիվ և ինքնաքննադատական. Բունդեսթագի նախագահ
Գերմանիայի Բունդեսթագում մեկնարկել են քննարկումները «1915 և 1916 թվականներին հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» խորագիրն ունեցող բանաձևի շուրջ, որով Առաջին աշխարհամարտին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները որակվում են իրենց անունով` «ցեղասպանություն»: Քննարկումներին հաջորդելու է քվեարկությունը: Բանաձևը համատեղ կազմել և ներկայացրել են իշխող կոալիցիայի մաս կասմող Քրսիտոնեա-դեմոկրատական միություն (CDU) և Քրիստոնեական-սոցիալական միություն (CSU), Սոցիալ-դեմոկրատական (SDP) և ընդդիմադիր Կանաչների կուսակցությունները: Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկմանը ներկա են Գերմանիայում Հայաստանի և Թուրքիայի դեսպանություններից ներկայացուցիչներ։ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտը քննարկման սկզբում ողջունեց նրանց։ «Խորհրդարանը պատմական հանձնաժողով չէ և ոչ էլ դատարան։ 101 տարի առաջ հայերի և քրիստոնյա մյուս փոքրամասնությունների հետ կատարվածում մեղավոր է նաև Գերմանիան»,- ասաց նա։ «Անցյալի հետ առերեսումը մեզ համար կարող է ցավոտ լինել, սակայն միևնույն ժամանակ կարող է լինել ազնիվ և ինքնաքննադատական մոտեցում սեփական անցյալի նկատմամբ: Դա կարևոր է այլ պետությունների հետ հարաբերությունների կառուցման տեսանկյունից, որի համար պետք է խիզախություն` փոխըմբռնման և հաշտեցման հասնելու համար»,- հավելեց Լամերտը:
