Արփինե Հովհաննիսյանի առաջարկը թերի է.Վիգեն Սարգսյան
Արդարադատության նախարարության առաջարկությունը,ըստ որի պետք է փոփոխություն կատարել բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի վերաբերյալ օրենքում,կառավարության այսօրվա նիստում չհաստատվեց: «Նախագիծը ներկայացված է շատ թերի տեսքով, համաձայնեցված չէ Էթիկայի հանձնաժողովի հետ, դրված չէ գործիքակազմը, եթե այս ձևով ընդունենք, կրելու է ձևական բնույթ, չի ապահովելու դրված խնդիրների լուծումը: Առաջարկում եմ հետաձգել օրենքը կամ մինչև Ազգային ժողով տանելը լուրջ լրամշակել»,-հայտարարեց նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը; Ըստ Արփինե Հովհաննիսյանի նրա գործիքակազմի վերաբերյալ քննարկումներն այս պահին շարունակվում են և, բնականաբար, մինչև Ազգային ժողով ներկայացնելը նախագիծը կլրամշակվի և կներկայացվի այն տեսքով, որն ընդունելի կլինի Էթիկայի հանձնաժողովի համար: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ առաջարկեց քննարկում կազմակերպել իր մոտ՝ նշելով՝ եթե չկա գործիքակազմ, անիմաստ է ընդունել նախագիծը. «Ես համաձայն եմ պարոն Սարգսյանի հետ, ես կհրավիրեմ խորհրդակցություն, եթե չունենք միասնական որոշում, նախագիծը չի ընդունվի»: Նախագծով առաջարկվում էր բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին հայտարարագիրը, ինչպես նաև նրա հետ փոխկապակցված անձի գույքի և եկամուտների հայտարարագիրը դրանք ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելը, կամ հայտարարագրի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների, կամ հայտարարագրի ներկայացման կարգի խախտմամբ ներկայացնելը, կամ հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը դիտարկել խախտում. Դրանից հետո 30 օրվա ընթացքում, հայտարարագիրը չներկայացնելուց հետո կիրառել տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
