Գերմանաբնակ թուրքերն ընդդեմ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկմանը
Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկմանն ընդառաջ Գերմանիայում բնակվող թուրքերը շարունակում են ժխտողականություն տարածել և ճնշում գործադրել գերմանացի օրենսդիրների վրա:Թուրքական «Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ մեծ թվով գերմանաբնակ թուրքեր ցույց են կազմակերպել Բեռլինում:
Ցույցին մասնակցող շուրջ 10 հազար անձինք բարձրացրել են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները և պաստառներ հետևյալ գրություններով` «Պատմությունը պետք է թողնվի պատմաբաններին», «Ոչ Ցեղասպանության ստին», «Խորհրդարանները լիազորված չեն»: Հավաքվածները հորդորել են Բունդեսթագի պատգամավորներին դեմ քվեարկել Հայոց ցեղասպանության մասին բանաձևին:
Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագիծը կքննարկվի հունիսի 2-ին: Բանաձևն ունի «1915 և 1916 թվականներին հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը:
