Ներգրավվել է 6-րդ մեղադրյալը
6-րդ անձը՝ Արսեն Կարախանյանը, ներգրավվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության բակային հատվածում տեղի ունեցած միջադեպի գործով՝ որպես մեղադրյալ։ «Փաստինֆո»-ին քննչական կոմիտեից հայտնեցին, որ որոշում է կայացվել նրան որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար։ Մեր տեղեկություններով, Ա.Կարախանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, ընթանում է քննությունը: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի ավելի վաղ հրապարակված պաշտոնական հաղորդագրության, նախնական տվյալներով՝ 2016 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության բակային հատվածում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում բռնություն է գործադրվել 5 անձի նկատմամբ՝ պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ՝ վնասվածքների ծանրության աստիճանը պարզելու համար։ Մայիսի 25-ի դրությամբ ստացվել է տուժողներից մեկի՝ Հ.Պետրոսյանի նկատմամբ նշանակված փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ նրան պատճառված վնասվածքները գնահատվել են ծանր՝ կյանքին վտանգ սպառնացող։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է վիճաբանության շարժառիթը, կիրառված բռնությանը մասնակցություն ունեցած 6 անձի ինքնությունը, անհատականացվել նրանց գործողությունները։ Մայիսի 25-ի դրությամբ՝ քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել 5 անձի, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Որոշում էր կայացվել ևս մեկ անձի՝ Արսեն Կարախանյանին, ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել էր ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։ Նրան հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված քայլերն արդյունք չէին տվել։
