Ստիպված զգուշությամբ հետևում ենք Ռուսաստանի քաղաքականությանը. Վաշչիկովսկի
Լեհաստանը ստիպված զգուշությամբ հետևում է Ռուսաստանի քաղաքականությանը և նրա ռազմական ակտիվությանը, որի արդյունքում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ստեղծվել է բավականին վտանգավոր իրավիճակ, հայտնել է Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին Mlada fronta Dnes պարբերականին տված հարցազրույցում: «Քանի որ մենք համարվում ենք ՆԱՏՕ-ի «սահմանային» պետություն, ապա ստիպված զգուշությամբ հետևում ենք Ռուսաստանի քաղաքականությանը և նրա ռազմական ակտիվությանը, որի արդյունքում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ստեղծվել է բավականին վտանգավոր իրավիճակ»,- ասել է Վաշչիկովսկին: Լեհ նախարարի խոսքերով` Ռուսաստանն իր վերջին գործողություններով ականապատել է եվրոպական անվտանգության ողջ համակարգը: Բանակը Ռուսաստանի համար դարձել է արտաքին քաղաքականության գլխավոր գործիքը, և Կալինինգրադի շրջանը հանդիսանում է ողջ Եվրոպայի ամենառազմականացված շրջանը, համարում է Վաշչիկովսկին: Նրա կարծիքով` անհրաժեշտ է չհավատալ այն բանին, որ միջազգային խնդիրները հնարավոր է լուծել Ռուսաստանի հետ համատեղ, այլ պետք է վերադառնալ ռազմավարական և աշխարհաքաղաքական մտածելակերպի, դաշինքի անդամ երկրների տարածքների անվտանգությունը ռազմական ներկայության օգնությամբ ապահովելու ավանդական մեթոդներին:
