Երեւանի կենտրոնում տաքսու վարորդին սպանած երիտասարդը մեղայականով ներկայացել է ոստիկանություն
Երեւանի կենտրոնում այսօր՝ հունիսի 1-ին, դանակի հարվածով տաքսու վարորդին սպանելու մեջ մեղադրվողը մեղայականով ներկայացել է ոստիկանություն։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից։ 48-ամյա Արսեն Խանամիրյանին սպանելու մեջ մեղադրվողը Երեւանի բնակիչ, 28-ամյա Վահրամ Վերանյանն է։ Ոստիկանությունից NEWS.am-ին տեղեկացրին, որ Վահրամ Վերանյանը իջնելով մեքենայից՝ իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել տաքսու վարորդ 48-ամյա Արսեն Խանամիրյանին։ Տղամարդը որովայնի եւ կրծքավանդակի շրջանում ստացած վնասվածքների հետեւանքով հիվանդանոցում մահացել է։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում այսօր ժամը 15։30-ին Վերանյանը մեղայականով ներակայցել է ոստիկանություն, խոստովանական ցուցմունք տվել։ Նա կալանավորված է։
