Իրանը Լեհաստանի և Ֆինլանդիայի հետ 1.2 միլիարդ դոլարի պայմանագրեր է կնքել
IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի առևտրա-արդյունաբերական պալատի ղեկավար Մոհսեն Ջալալպուրը հայտարարել է, որ Իրանը Լեհաստանի և Ֆինլանդիայի հետ 1.2 միլիարդ դոլարի պայմանագրեր է կնքել: Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը իր եվրոպական շրջագայության շրջանակներում կիրակի հանդիպել է իր լեհ գործընկեր Վիտոլդ Վաշչիկովսկու, իսկ երեքշաբթի՝ Ֆինլանդիայի արտգործնախարար Տիմո Սոյնիի հետ: Չորեքշաբթի պլանավորված է Զարիֆի այցը Շվեդիա, ապա՝ Լատվիա: Զարիֆին ուղեկցում է Իրանի առևտրային-արդյունաբերության պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են տնտեսության տարբեր ոլորտների 60 ներկայացուցիչներ: Ջալալպուրի խոսքով՝ իրանական առևևտրա-արդյունաբերական պատվիրակությունը Լեհաստանում հանդիպել է 180, իսկ Ֆինլանդիայում՝ 250 ընկերության հետ. «Լեհաստանում ստորագրված համաձայնագրերի արժեքը կազմել է 700 միլիոն դոլար, որոնց մեծ մասը բաժին է ընկնում էներգետիկ ոլորտին (240 միլիոն դոլար) ու սննդին: Ֆինլանդիայում ստորագրվել են 500 միլիոն դոլարի պայմանագրեր»:
