Մեզ համար առաջին հերթին բավարար կլիներ, եթե եվրոպական ձայները դատապարտեին Ադրբեջանի գործողությունները. Սերժ Սարգսյան
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված հարձակման ժամանակ միջազգային հանրության համերաշխություն չեղավ. Այս մասին գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Անդրադառնալով տարածաշրջանում ներկա իրավիճակին` նախագահն ասել է. «Այս պահին իրադրությունը հանգիստ է, կրակոցներ չկան: Սակայն երբ Ադրբեջանը զինված հարձակում սկսեց, միջազգային հանրությունը համերաշխություն չցուցաբերեց: Մենք կցանկանայինք, որպեսզի իրենց հայտարարություններում առավել հստակ ընդգծվեր, թե ինչ է կատարվել. Ադրբեջանը հարձակում է իրականացրել»: Լրագրողի հարցին, թե որը կլինի կոչը միջազգային հանրությանը` Սերժ Սարգսյանն ասել է. «Հայաստանը փոքր երկիր է: Մենք գիտակցում ենք, որ գուցե տնտեսապես ավելի քիչ հետաքրքրություն ենք ներկայացնում: Մեր մտահոգությունն այն է, որ անարդարությունը կոչվի իր անունով: Մեզ համար առաջին հերթին բավարար կլիներ, եթե եվրոպական ձայները դատապարտեին Ադրբեջանի գործողությունները: Եթե դա բավարար չլիներ, հետագա քայլ կարող էին դիտարկվել պատժամիջոցները»:
