Եթե պատերազմը ձգվեր, իհարկե, կգնայի Ղարաբաղ.Ռ. Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 2rd.am կայքին:/մաս 2-րդ/ Ինչո՞վ էր պայմանավորված Ձեր երկար լռությունն այս թեմայի շուրջ: Ինչո՞ւ Դուք Ղարաբաղ այցելեցիք իրադարձություններից միայն մեկ ամիս անց: Եվ ինչո՞ւ Դուք հրաժարվեցիք գործող նախագահի հետ հանդիպում նախաձեռնելուց: Չէ՞ որ կարող էիք նրան օգնել նվազագույնը խորհուրդներով: Կրիտիկական իրավիճակում՝ արտաքին վտանգի պարագայում, անվտանգության խնդիրների բացեիբաց քննարկումը պարզ պատճառներով խնդրահարույց է. երկար լռությունը դրա հետ էր կապված: Իսկ լոզունգներով կամ կիսատ-պռատ խոսելու ցանկություն չունեի: Նախագահի հետ հանդիպում չնախաձեռնեցի, քանի որ նույնիսկ այդ իրավիճակում քարոզչական մեքենան աշխատում էր հանուն ներքաղաքական նպատակների: Մշտական կապի մեջ եմ եղել ԼՂՀ ղեկավարության հետ. այնտեղ էին այն ժամանակ ընդունվում բոլոր որոշումները: Եթե պատերազմը ձգվեր, իհարկե, կգնայի Ղարաբաղ, ընդ որում՝ տևական ժամանակով , առանց տեսախցիկների ու սելֆիների: Հայաստանը չպե՞տք է արդյոք վերանայի ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում մասնակցության ձևաչափը, ինչպես նաև իր հարաբերությունները միավորումների և դաշինքների որոշ գործընկերների հետ, օրինակ ՝ Բելարուսի և Ղազախստանի: ՀԱՊԿ որոշ երկրների գործողություններն, ըստ էության, անհամատեղելի են ռազմական դաշինքում մեր ընդհանուր անդամակցության հետ: Ակնհայտ է, որ այդ երկրների շահերը մենք չենք փոխի, բայց լուրջ հետևություններ անել պարտավոր ենք: Պետք է ճիշտ հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում ՀԱՊԿ-ը և գերագնահատված սպասումներ չունենալ այդ կազմակերպությունից: ՀԱՊԿ-ն ասիմետրիկ կառույց է, որի առանցքը հանդիսանում են Ռուսաստանի ռազմաքաղաքական շահերը՝ մասնակից պետություններից յուրաքանչյուրի շահերի հետ ինքնուրույն և առանձին շաղկապվածությամբ: Որևէ արտահայտված համընդհանուր շահ այստեղ չկա: Որտե՞ղ են մեր ընդհանուր ռազմաքաղաքական հետաքրքրություններն, օրինակ, Ղազախստանի կամ Ղրղզստանի հետ: Միամտություն կլինի կարծելը, թե համատեղ անդամակցությունը ՀԱՊԿ-ին կարող է գերակշռել Թուրքիայի և Ադրբեջանի հետ Ղազախստանի ձևավորված փոխհարաբերություններին: Այս պատճառով էլ ՀԱՊԿ-ը պետք է դիտարկել Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցության համատեքստում: Այդպիսին է իրականությունը, և դա չի կարելի հաշվի չառնել: Եվ մեկ հարց ներքաղաքական թեմաներով: Օրերս վարչապետը հայտարարեց պետական ապարատում կրճատումներ կատարելու, մենաշնորհների և կաշառակերության դեմ պայքար սկսելու մասին: Ըստ Ձեզ, գործող կառավարությունը հաջողության հասնելու շանսեր ունի՞: Վարչապետի հայտարարած ծրագիրը հենց այն է, ինչով կառավարությունը պարտավոր էր զբաղված լինել ամենօրյա ռեժիմով: Կոռուպցիայի, մենաշնորհների, ուռճացված պետական ապարատի մասին արդեն շատ տարիներ են խոսում բոլորը, իշխանությունը՝ այդ թվում: Ընդ որում, որքան շատ են խոսում, այնքան այդ խնդիրներն ավելի են խորանում: Դա այն է, ինչը քայքայում է երկիրը, և անհասկանալի է, թե ո՞վ է խանգարել կամ խանգարում իշխանություններին` լուծել այդ խնդիրըները: Ճիշտ խոսքեր հասարակությունը լիուլի լսել է, այնքան, որ մարդկանց մոտ, ցավոք, լավատեսական ակնկալիքներ չկան կառավարության մտադրություններից: Այսօր ոչ թե ճառեր են պետք, այլ նպատակաուղղված և գրագետ քայլեր: Կապրենք, կտեսնենք:
