«Միսս Թուրքիա»-ն դատապարտվել է ազատազրկման՝ Էրդողանին վիրավորելու համար
Մոդել և «Միսս Թուրքիա-2006» տիտղոսը կրող Մերվե Բույուքսարաչը Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «վիրավորելու» հիմնավորմամբ դատապարտվել է 14 ամսվա ազատազրկման: «Միլլիեթ» պարբերականի փոխանցմամբ՝ դատարանը որոշել է հետաձգել պատժի կիրառումը. Բույուքսարաչը 14 ամիս չի բանտարկվի, եթե այդ ընթացքում նույն «հանցանքը» չկրկնի: Իր պաշտպանության ժամանակ դատավորի այն հարցին, թե արդյոք «Միսս Թուրքիա»-ն զղջում է սոցիալական ցանցում հրապարակում անելու համար, Բույուքսարաչն ասել է. «Ես զղջում եմ, որ իմ հրապարակումն ընկալվել է որպես վիրավորանք»: Թուրք մոդելի դեմ Էրդողանը դատական հայց էր ներկայացրել այն բանի համար, որ Բույուքսարաչը Instagram-ում հրապարակում էր արել, որտեղ տեղադրել էր երգիծական պոեմ` «Առաջնորդի պոեմ» խորագրով: Պոեմում Էրդողանը քննադատվում էր երկրի պետական օրհներգի ձևափոխված բառերի միջոցով:
