«Մուսուլման եղբայրներ»-ի հոգեւոր առաջնորդին ցմահ ազատազրկման են դատապարտել
Եգիպտոսի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել «Մուսուլման եղբայրներ»-ի հոգեւոր առաջնորդ Մուհամմեդ Բադիային եւ նրա 35 կողմնակիցներին՝ երեք տարի առաջ Իսմայիլիե քաղաքում անկարգություններ կազմակերպելու համար: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Ալ Բալյադ»-ը: Խոսքը 2013 թվականի հուլիսի 5-ի իրադարձությունների մասին է, երբ նախագահ Մուհամմեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո իսլամականներն անկարգություններ կազմակերպեցին տեղական վարչակազմի շենքի մոտ: Ոստիկանության հետ բախումների ընթացքում 3 մարդ զոհվեց, տասնյակ վիրավորներ եղան: Եգիպտոսում ահաբեկչական ճանաչված եւ արգելված « Մուսուլման եղբայրներ» կազմակերպության առաջնորդների եւ շարքային ակտիվիստների դեմ տասնյակ գործեր են հարուցված՝ բռնություն հրահրելու, կանխամտածված սպանության, կտտանքների, բանտերից փախուստի եւ լրտեսության մեղադրանքներով: Ավելի վաղ դատարանի կողմից բարձրագույն պատժի են արժանացել «Մուսուլման եղբայրներ»-ի հարյուրավոր կողմնակիցներ:
