Թուրքիան վերածվել է մեկ մարդու պետության. Մարտին Շուլց
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդեգրած քաղաքականությունը: Ինչպես ասել է՝ «Թուրքիան վերածվել է մեկ մարդու պետության»: Այս մասին հայտնում է գերմանական Welt am Sonntag թերթը: «Էրդողանի նպատակն արագորեն իրեն ուժեղացնելն է: Թուրքիայում որոշում ընդունելու մեխանիզմը մեկ մարդու մենատիրության տակ է: Դա անընդունելի է», -ասել է Եվրախորհրդարանի նախագահը: Անդրադառնալով փախստականների վերաբերյալ Եվրամիություն-Թուրքիա համաձայնության շրջանակում Թուրքիայի քաղաքացիների համար ԵՄ մուտքի ազատականացման հարցին՝ Մարտին Շուլցն ասել է, որ Թուրքիան մինչ այժմ չի կատարել վիզայի ազատականացման համար կարևոր չափանիշները: ԵՄ-ն Անկարայից պահանջում է փոփոխություններ կատարել անձնական տվյալների պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի օրենքներում:
