Կրճատումներ՝ Տրանսպորտի և կապի նախարարությունում
ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ վարչապետի հանձնարարությամբ՝ իրենց նախարարությունում աշխատանքային խումբ են ստեղծել, որը զբաղվելու է գույքային և հաստիքային կրճատումների հարցով: «Մեզ մոտ կային լուծումներ, որոնք մինչև հանձնարարականն են եղել: Մասնավորապես, երբ հեռուստատեսային ազդանշանի թվայնացումը եղավ, խոշոր մեր ընկերություններից մեկում արդեն իսկ մեծ կրճատումներ նախատեսեցինք և իրականացնում ենք, քանի որ անցնում ենք թվայինին: Մեքենաներ շատ ունեինք, բայց ոչ՝ մարդկանց սպասարկող, այլ ավելի շատ՝ տեխնիկական սպասարկման նպատակներով՝ բեռնատարներ և հատուկ նշանակության մեքենաներ, որոնք կկրճատվեն, բայց դրանք կրճատվելու էին՝ անկախ այս պրոցեսից»,- նշեց փոխնախարարը: Այնուհետև տեղեկացրեց, որնախարարությունն ունի 13 մեքենա, որոնցից գուցե կրճատվեն 4-ը:
