«Ծով, ծով… Ձմեռն ի՞նչ ծով». Վարդան Այվազյան
«Ինչպե՞ս է, որ անցած տարի 1.2 մլն զբոսաշրջիկ է եկել Հայաստան, իսկ սպառումն ընկել է, անշարժ գույքի գներն ընկել են: Դրանք հակառակ էֆեկտը պիտի տային: Մեր սպառումն ինչի՞ ա ընկնում, էս ամենամեծ ֆոկուսն ա: Սպառումն ընկնելու հետ էլ հարկային մուտքերն են ավելանում: Տնտեսագիտական որ խորանում ես, առողջական պրոբլեմներ կունենաս»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը : ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը սպառման անկումը պայմանավորեց գնանկումով: Ըստ նրա` գնանկումը տնտեսական զարգացումը կասեցնող գործոն է. «Եթե ունենայինք որշակի գնաճ, դուք չէիք նշի, որ սպառումը նվազել է»: Նախարարը հարցադրում արեց, թե տուրիզմից ակնկալիքը ո՞րը պետք է լինի: «Գնացեք Վրաստան, տեսեք որը պետք է լինի»,- նկատեց Վ.Այվազյանը: «Անընդհատ Վրաստան, Վրաստան: Մենք էլ մրցակցային առավելություններ ունենք: Եկեք դրանց մասին խոսենք: Ծովային երկրի հետ համեմատությունը ճիշտ չէ»,- Վ.Այվազյանը հստակեցրեց, որ խոսում է ծառայությունների գների մասին: Նա նշեց, որ այնպես չի, որ ժամանակին Հայաստանը զիջել է Վրաստանին տուրիզմի մասով, իսկ այսօր 6 անգամ տարբերություն կա. «Ոչ մի անգամ նման տարբերություն չի եղել: Թե չէ` ծով, ծով: Ձմեռն ի՞նչ ծով»:
