Ադրբեջանը հարկադրված դադարեցրեց պատերազմը. դրանում իր դերն է ունեցել Պուտինը. Ալի Հասանով
Ադրբեջանական ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը կքննարկվի ավելի դինամիկ ձևով և կստանա իր լուծումը: Նրա խոսքով՝ կան միջազգային իրավունքի նորմեր, որոնց համաձայն՝ նման հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով: Խոսելով Ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին սրացման մասին՝ Հասանովը հայտարարել է. «Ապրիլի 4-ից սկսած՝ միջազգային կազմակերպությունները կրակը դադարեցնելու մասին հայտարարություններով դիմեցին Հայաստանին ու Ադրբեջանին: Բնականաբար, նրանք ունեն դրա իրավունքը, միջազգային իրավունքի նորմերը պահանջում են, որ հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով: Այդ պատճառով էլ Ադրբեջանը հարկադրված դադարեցրեց պատերազմը, և դրանում իր հիմնական դերն է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Վիեննայի գործընթացները ցույց տվեցին, որ Ադրբեջանը համանախագահող երկրների հետ խոսել է ավելի պահանջկոտ ձևով: Համանախագահող երկրներն արդեն վճռականորեն են տրամադրված ստատուս քվոն երկար ժամանակ չպահպանելու հարցում»:
