Ալիևի դուստրերին պատկանող Ադրբեջանի ոսկու հանքերի մասնաբաժինները կգնի պետությունը
Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է Գարադաղի, Չովդարի, Դաղքեսեմենի, Քոհնեմեդանի, Քյուրեքչայի ավազանի և այլ հանքավայրերի ուսումնասիրության, հետազոտության, մշակման ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ որոշումը,մասնավորապես հանքավայրերի մշակման հարցում օտարերկրյա ընկերությունների մասնաբաժինը պետության կողմից գնելու մասին է։ Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով կապալառուների՝ բաժնեմասը վաճառելու մտադրությունը։ Նախագահ Ալիևը հանձնարարել է երկրի էկոնոմիկայի, բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարություններին, ինչպես նաև «AzerGold» պետական ընկերությանն անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել՝ ընկերության կողմից մասնաբաժինը գնելու հարցում։ Երկամսյա ժամկետում նախագահին պետք է ներկայացվեն այդ գնման ֆինանսավորման վերաբերյալ առաջարկները։ «AzerGold» պետական ընկերությանն առքուվաճառքի իրականացումից հետո հանձնարարվել է ապահովել տվյալ հանքավայրերի ուսումնասիրությունը, հետազոտությունը, մշակումն ու արդյունավետ կառավարումը։
