Ապրիլյան դեպքերը ՀՀ դիվանագիտության անհետեւողական ու անհեռատես քաղաքականության արդյունքն էին
ԱԺ-ում 2015թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանը, երբ ներկայացվում էր ՀՀ Արտաքին գործերի նախարարության ծախսերը, ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ապրիլյան դեպքերը ՀՀ դիվանագիտության անհետեւողական ու անհեռատես քաղաքականության արդյունքն էին: Նա ուներ բազմաթիվ հարցեր՝ ուղղված նախարար Էդվարդ Նալբանդյանին. «Հարցերից մեկը վերաբերում է Ռամիլ Սաֆարովին, որի գործողություններին համարժեք արձագանք չենք տրվել: Ինչպես նաեւ՝ մի քանի տարի է՝ ԵՄ համագործակցության ուղղությամբ քայլեր ենք կատարում, սակայն մի գիշերում մտանք ԵՏՄ, ու հիմա տեսանք, որ այս միությունը ոչ միայն անվտանգության հարց չի լուծում, այլեւ ավելի սրել է»: Պատգամավորը խոսեց նաեւ Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի խոցմանը շփման գծում. «ՀՀ իշխանությունները հայտարարում էին, թե հայկական կողմը համարժեք պատասխան կտա, մինչ օրս չենք տեսել դա: Բացի այդ, ՀՀ-ն շարունակում է հետեւողականորեն բանակցել Ադրբեջանի հետ ԼՂՀ վերաբերյալ ի հեճուկս նրա, որ ԼՂՀ-ն չկա բանակցային ֆորմատում, քանի որ Ադրբեջանը չի համաձայնվում: Արդյոք չե՞ք կարծում, որ հայկական դիվանագիտությունը չկարողացավ կասեցնել Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձեւի ընդունումը ու նաեւ ապրիլյան պատերազմական գործողությունները տեղի ունեցան հենց դրա կողքին: Դիվանագիտական պարտություն եմ համարում նաեւ ԵՏՄ վարչապետների հանդիպման չեղարկումը Երեւանում ու, ըստ էության, մենք հարմարվողական դիրք ունեցանք: Նաեւ ուզում եմ իմանալ՝ երկու հարյուր միլիոն դոլար վարկի զենքը ՌԴ-ից դեռ չի՞ հասել ու դեռ պետք է քննարկենք, թե ինչ որակի զենք է ՌԴ-ն առաջարկում, մինչդեռ դեռ չենք լսել, որ Ադրբեջանը որակի, քանակի կամ ժամկետների հետ կապված խնդիրներ ունենա ՌԴ հետ: ՀՀ անհետեւողականությունը այս բոլորին հարցերին առնվազն այն հիմքերից մեկն էր, որ հանգեցրեց պատերազմի»: Նախարար Նալբանդյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ, այլ ոչ թե հարց տվեց. «Ձեր ասածները բազմիցս ենք լսել: Ես համաձայն չեմ ձեր դիտարկումների հետ, որոնք հնչում են, այսպես կոչված, դիվանագետների կողմից: Մարդկության հազարավոր պատմության ընթացքում պարզ է դարձել մի բան՝ դիվանագիտական հաջողված կողմը պատերազմ չի սկսում, պատերազմում է ձախողվածը: Ռամիլ Սաֆարովի հետ կապված միջազգային հանրության կողմից կուզենայինք, որ ավելի ուժեղ արձագանքներ լինեին, սակայն չկար մի կազմակերպություն, որ զբաղվում էր մարդու իրավունքներով, որ չարձագանքեր: ԵՄ հետ բանակցված մասով մենք պատրաստ էինք համաձայնագիր կնքել, սա ես հրապարակային եմ ասում: Այժմ ԵՄ միջեւ վիզային ռեժիմի հեշտացմանն ուղղված քայլեր ենք կատարում»: Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ ուզում է անկեղծանալ ու ասաց, որ ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի բոլոր աշխատանքային փաստաթղթերում կա այն կետը, որ ԼՂՀ-ն պետք է մասնակցի բանակցություններին ու առանց նրա հնարավոր չէ որեւէ քայլ անել. «Ինչ վերաբերում է ՌԴ-ից արագացված ձեւով զենքի ձեռք բերման պայմանավորվածություններին, ապա չեմ կարծում, որ ավելի էմոցիոնալ հայտարարությունները կօգնեն այդ գործընթացը ավելի արդյունավետ դարձնելուն: Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձեւն իրավական առումով որեւէ ազդեցություն չէր կարող ունենալ. բանակցող կողմերի համար դրանք նշանակություն չունեն ընդհանրապես, ու այն երբեւէ չի արծարծվել եռանախագահների կողմից»:
