ՆԱՏՕ-ի զորավարժություններին կմասնակցի մոտ 10 հազար զինվորական
Մայիսի 27-ից հունիսի 13-ը մերձբալթյան երկրներում կանցկացվեն ՆԱՏՕ-ի լայնամասշտաբ Saber Strike-2016 զորավարժությունները, դրանց կմասնակցեն մոտ 10 հազար զինծառայողներ 13 երկրներից։ Այս մասին հայտնում է Լիտվայի ՊՆ մամլո ծառայությունը՝ փոխանցում է RIA Novosti-ն։ Զորավարժություններն ուղղված են մասնակից երկրների փոխգործակցության բարելավմանը լայն սպեկտրի ռազմական գործողությունների անցկացման ժամանակ։ Նման զորավարժություններում, որոնք անցկացվում են 6-րդ անգամ, գործի կդրվեն մոտ 10 հազար զինվորականներ դաշինքի գործընկեր 13 երկրներից՝ Դանիայից, Էստոնիայից, Միացյալ Թագավորությունից, ԱՄՆ-ից, Լատվիայից, Լեհաստանից, Լյուքսեմբուրգից, Նորվեգիայից, Ֆրանսիայից, Սլովենիայից, Ֆինլանդիայից և Գերմանիայից։ Saber Strike-2016 զորավարժությունները կազմակերպում են Եվրոպայում ԱՄՆ ցամաքային ուժերը։
