Գյումրին փրկվեց հերթական աղետից
Մայիսի 23-ին Հանրապետության մի շարք տարածքներում ուժեղ քամին խոշոր ավերածություններ գործեց: Ավերածությունների հետքերը զգալի էին մայրաքաղաք Երևանում եւ Հանրապետության երկրորդ քաղաքում: Գյումրիում պտտահողմը թռցրեց տասնյակից ավել բնակելի տների տանիքներ, կտրեց էլեկտրալարեր, տապալեց ծառեր, տուժեց երկաթուղային կայանի աշխատանքը: Տարիներ առաջ բնության դաժան արհավիրքին արդեն իսկ դիմակայած գյումրեցիները այսօր կատակում են՝ ասելով. «Ծո ինչ էղնի մեր գլխին կէղնի, ժաժքն ավիրեց, հըմի էլ ցունամին պըդի քըշե մեզ»: Անդրադառնալով Գյումրիին՝ ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը, ներկայացնելով լուսանկարներ, ասում է. «Տեսեք Գյումրին ինչից է փրկվել, մի փոքր էլ զարգացում և տոռնադոն պատրաստ էր»: Օթերևութաբանը մանրամասնում է. «Քամու այս տեսակը մեր գիտության մեջ կոչվում է փոթորկանք, այն շարժվում է ուղղահայաց առանցքի և հորիզոնական առանցքի հատման կետերում և շատ հաճախ վեր է ածվում պտտահողմի: Ավերածությունները, որ եղան՝ տանիքների պոկում, ծառերի կոտրում, պայմանավորված էր առանձին հատվածում եղած պտտահողմով»: Այնուհետև փարատելով բոլորիս վախը՝ ընդգծում է, որ մայիսի 25-ին եղանակը կկայունանա, ցիկլոնը կլքի մեր հանրապետության տարածքը, այն կտեղափոխվի դեպի արևելք: Այնուամենայնիվ ցիկլոնի նոր վտանգ թերևս սպասվում է, քանի որ մայիսի 26-ին, 27-ին, 28-ին, 29-ին և 30-ին հանրապետության տարածքին կրկին մոտենում է հերթական ցիկլոնը՝ այս անգամ արդեն Միջերկրական ծովից, սակայն սա նախկինի նման վտանգավոր չէ: Շիրակի մարզում այս անգամ էլ մեծ է կարկտահարման վտանգը: Նյութի աղբյուրը ` hraparak.am
