Ով ինչպես քվեարկեց ԸՕ-ին
Կողմ ՝ 102, Դեմ ՝ 17, Ձեռնպահ ՝ 3 ձայների հարաբերակցությամբ, ԱԺ արտահերթ նիստին ընդունվեց Կառավարության կողմից ներկայացված Ընտրական օրենսգրքի և կից ներկայացված օրենքների փաթեթը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Նախքան քվեարկությունը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ կատարվել են խմբագրական որոշակի շտկումներ: Նա ընդգծեց, որ ԲՀԿ կուսակցության նկատառմամբ մի քանի շտկումներ են կատարվել, որից հետո ՀՀ ԱԺ նախագահը հայտարարեց, որ քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված Ընտրական օրենսգրքի և կից ներկայացված օրենքների փաթեթը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: «Ժառանգություն»-ից Ռուբիկ Հակոբյանն ու Ալեքսանդր Արզումանյանը, նաև ՀԱԿ-ից` Լյուդմիլա Սարգսյանը կողմ են քվեարկել նախագծին: ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանն ու Թևան Պողոսյանը դեմ են քվեարկել: Նախագծին դեմ են եղել նաև անկախ պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Խաչատուր Քոքոբելյանը: ԲՀԿ-ն ազատ է քվեարկել, խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ձեռնպահ է եղել, Օսկանյանի թևը` Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը և Էլինար Վարդանյանը` դեմ, Օսկանյանն` ինքը բացակայում էր, իսկ Վահան Կարապետյանը, Գրիգոր Մարգարյանն ու Վահե Էնֆիաջյանը` ձեռնպահ են քվերակել: ՕԵԿ-ը դեմ է քվեարկել, բացի Հովհաննես Մարգարյանից, ով չի քվեարկել:
