«Ոչ բնակելի տարածքներ են, ոչ բնակավայր են, լուրջ մտահոգվելու խնդիր չունենք»
Սիսիան-Գորիս ճանապարհը բարեկարգված է, նորմալ է, մասնակի ասֆալտապատում է արվել, փոսային նորոգումները ամբողջությամբ վերջացված են: Այդ մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Նախորդ տարվա բյուջեի հետ կապված Սուրիկ Խաչատրյանն ասաց, որ 2014-ի համեմատ այն նորմալ է եղել, իսկ 2016-ը «համոզված եմ, լավ կլինի»:
Լրագրողների խնդրանքով անդրադառնալով ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրած ութ հարյուր հեկտարին, Խաչատրյանն ասաց. «Ո՞վ ա չափել է, էդ 800 հեկտարն ո՞վ ա չափել: Հարաբերական ա ասել, Սերժ Սարգսյանը հո չի՞ ասել կոնկրետ 800 հեկտար, ո՞վ ա չափել ութ հարյուր հեկտար»:
Հանրապետական կուսակցության անդամ մարզպետը նաև ասաց, որ այդ տարածքները «բուֆերային գոտիներ են» ու հավելեց. «Ոչ բնակելի տարածքներ են, ոչ բնակավայր են, լուրջ մտահոգվելու խնդիր չունենք»:
Լրագրողը նկատեց, որ Խաչատրյանը գնաց առաջնագիծ նկարվեց, այդ նկարը տարածվեց, և հասարակությունը չընդունեց այդ քայլը, մարզպետը արձագանքեց. «Ես չեմ նկարվել, ոչ մեկին հաշվետու չեմ, երեխեք: Ես զորքը տարել եմ ընդեղ, տեղադրել, եկել ու ժամանակ առ ժամանակ գնացել»:
Նաև ասաց, որ իր որդին էլ է մեկնել սահման:
