Եթե լինի հանձնարարական, կկրճատեն
«Մենք դեռ ոչ մի հանձնարարական չունենք»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Կոտայքի մարզի մարզպետ Կարապետ Գուլոյանը՝ խոսելով վարչապետի հանձնարարականների մասին՝ մարզպետարաններում կրճատումներ անելու մասով: Նա նշեց, որ Կոտայքի մարզում մարզպետարանի ենթակայության տակ կա 8 մեքենա, որոնք կարևոր են, սակայն, եթե լինի հանձնարարական, կկրճատեն: «Եթե հանձնարարություն կա, նման խնդիրներ կան ֆինանսական, պետք է միասին այդ հարցերը լուծենք, հո մեզ համար բացառություն չե՞ն անելու»: Խոսելով այն մասին, թե ինչո՞ւ Հրազդան քաղաքի քաղաքապետի ընտրությունների ժամանակ մարզպետը չեզոքություն չդրսևորեց և սատարեց Արամ Դանիելյանի թեկնածությունը՝ Կ. Գուլոյանն ասաց. «Բայց ինչո՞ւ չեզոք դիրք ընդունեմ, ես՝ որպես մարզպետ, գտել եմ, որ որպես Հրազդանի քաղաքապետ՝ տեսնում եմ Արամ Դանիելյանին»:
