200 մլն հեռուստադիտող հետևել է «Եվրատեսիլ-2016»-ին
«Եվրատեսիլ-2016»-ը դիտել է 204 մլն հեռուստադիտող՝ 5 միլիոնով ավելի, քան 2015 թվականին: Այս մասին հայտնում է Ժնևում գտնվող Եվրոպական հեռարձակողների միությունը (ԵՀՄ)՝ փոխանցում է TASS գործակալությունը։ «Մենք սրտի թրթիռով ընդունեցինք այն փաստը, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթն ընդլայնում է իր լսարանը, և այժմ այն ամբողջ աշխարհում գերազանցել է 200 միլիոնը»,-հայտարարել է Ինգրիդ Դելտենրեն՝ ԵՀՄ-ի գլխավոր տնօրենը: Հեռարձակողների միության հաշվարկների համաձայն՝ երեք ուղիղ հեռարձակումների՝ մրցույթի երկու կիսաեզրափակիչների և եզրափակիչի (մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին) լսարանը 204 միլիոն մարդու է հասել հեռարձակման 42 շուկաներում: Կազմակերպիչները հատկապես նշում են երիտասարդների (15-ից մինչև 24 տարեկան) մեծ ուշադրությունը «Եվրատեսիլ-2016»-ի նկատմամբ. մրցույթի եզրափակիչի հեռուստալսարանի 42,4 տոկոսը կազմել են երիտասարդները, թեև սովորաբար փրայմ-թայմում այդ տարիքային խմբի ներկայացուցիչները միջին հաշվով կազմում են հեռուստատեսային լսարանի 10,4 տոկոսը։
