ՀՀ-ն Ադրբեջանի նկատմամբ զանգվածային ոչնչացման զենք չի կիրառել, դա սուտ է.նախարար
Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ զանգվածային ոչնչացման զենք չի կիրառել, դա սուտ է: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված նման լուրերին: «Ադրբեջանական կողմն առաջին հերթին պետք է պատասխան տա այն հանցագործությունների համար, տեռորիստական ահաբեկչական հանցագործությունների կատարման համար: Հայկական կողմից հնարավոր ամեն ինչն արվել է, որ հակառակ կողմից խաղաղ բնակչությունը խոցման տակ չգտնվի, այդ ամենը հերյուրանքներ են, այդ ամենը սուտ է»,- շեշտեց Սեյրան Օհանյանը: Խոսելով այն մասին, թե ե՞րբ է 200 միլիոն վարկի ռուսական զենքը հասնելու Հայաստան, ՀՀ Պաշտպանության նախարարն ասաց, որ իրենք աշխատանքներ տանում են, պայմանագրերի մի մասը կնքված են. «Այսօր խմբերն աշխատում են, համապատասխան համագործակցություն ձևավորված է: Այդ միջոցներից որոշ մասն արդեն պատրաստ վիճակում են գտնվում, և մենք աշխատում ենք, որ արագ կերպով այն տեղափոխվի»:
