Դատը ռազմաբազայից դուրս անցկացնելուն Պերմյակովը համաձայն է
Գյումրի քաղաքի 102-րդ ռուսական ռազմաբազայում շարունակվում է Ավետիսյանների սպանության գործով դատական նիստը: Նիստի ընթացքում Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբան Լուսինե Սահակյանը հանդես եկավ ելույթով` ասելով, որ դատի ընթացքում Պերմյակովին վանդակում պահելը սխալ է, այդպիսով խախտվում են նրա իրավունքները: Նա նաև հավելեց, որ դատական նիստը պետք է տեղի ունենա ՀՀ ընդհանուր իրավասության դատարանում: Գյումրիի ռազմաբազայի դատարանը, ըստ փաստաբանի, կաշկանդված է: «Նախորդ դատական նիստը ցույց տվեց, որ դատական նիստին պատշաճ պայմաններ չեն ապահովվում պաշտպանների համար՝ աշխատելու, ինչպես նաև դատավարության մասնակցել ցանկացող քաղաքացիների համար: Պերմյակովը նաև հնարավորություն չունի պատշաճ խորհրդակցել իր պաշտպանների հետ, նախորդ դատական նիստին նրա պատասխանները լսելի չէին մեզ համար, ինչը Եվրոպական կոնվենցիայի կոպիտ խախտում է: ՌԴ ռազմաբազայում դատաքննություն անցկացնելով՝ դատարանը նպաստում է ոչ արդյունավետ քննության անցկացմանը. Պերմյակովը կաշկանդված է ռազմաբազայի տարածքում իրականությանը համապատասխանող ցուցմունքներ տալ»,- նշեց Արթուր Սաքունցը: Ըստ նրա՝ Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն ունի ապահովել բավարար պայմաններ՝ նորմալ շենքում նիստն անցկացնելու: Դատարանն արված միջնորդության վերաբերյալ հարցրեց Վալերի Պերմյակովի տեսակետը: «Ինձ համար որևէ տարբերություն չկա»,- հայտարարեց նա: Դատարանն այս պահին խորհրդակցական սենյակում է՝ քննարկելու միջնորդությունը:
