14 տարի ծառայող Վանաձորցի Կարենը երազում էր սերժանտի կոչում ստանալու մասին (Ֆոտո). Hetq.am
«Մամ, արի գնանք մեր տուն, որ պապան գա»,- ամեն առավոտ հենց այս խոսքերով է դիմում մայրիկին Ազնվաձորում՝ պապիկի տանը ժամանակավորապես բնակվող 3-ամյա Անին՝ ապրիլի 6-ին Քարվաճառում զոհված Կարեն Դավթյանի դուստրը: Եղբայրը՝ 1 տարեկան Արգիշտին դեռ լավ չի խոսում, փոխարենը տասնյակ նկարների մեջ արագ գտնում է հայրիկին ու անվերջ համբուրում: Այս մասին հայտնում է Hetq.am-ը: «Ախպորս ընկերն էր, միասին էին ծառայում: Մի օր եկել էր մեր տուն ու հավանել, բայց մտածել էր, որ ես իրեն չեմ ընտրի: Ինձնից 10 տարով մեծ էր: Ասում էր՝ քեզ երեխու պես եմ պահելու: Ու էդպես էլ կար: Ասում էր՝ ես երեք երեխա ունեմ՝ մի տղա, երկու աղջիկ: Չկար մի բան, որ ես ուզեի, ինքը չաներ»,- չի կարողանում հուզմունքը զսպել Մարինեն: Ամուսնական կյանքի երջանկության 4 տարիները վերապրող 25-ամյա Մարինեն հարցերի չի սպասում: Կուտակվածը, չասվածը ասելու անզուսպ ցանկությամբ նա պատմում է սիրելիի մասին՝ բաց չթողնելով նույնիսկ առօրեական մանրուքներն ու փոքրիկ դիպվածները: «Որտեղ աշխատել է, շատ նվիրված է եղել իր գործին: Ծառայությունից ազատ օրերին հացի փռում էր աշխատում: Ես գիտեի, որ իրեն հարգում են, բայց իր մահից հետո ավելին իմացա իր մասին: Շատ ինքնամփոփ էր, շատ…,- բառերը չեն հերիքում ու Մարինեն չհերիքող բառերը տեղավորում է մի մտքի մեջ,-մի ուրիշ էր ինքը»:
