Իրանն ու Հնդկաստանը տնտեսական գործընկերության նոր փուլ են սկսում
IRINN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանն ու Հնդկաստանը որոշել են ընդլայնել առևտրային հարաբերությունները՝ դրանք հասցնելով տնտեսական համապարփակ կապերի մակարդակի: Այդ մասին Թեհրանում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին: Նրա խոսքով՝ Հնդկաստանի վարչապետի այցը Թեհրան կնպաստի երկու երկրների միջև տնտեսական կապերի հետագա ընդլայնմանը: «Իրանի էներգետիկ ռեսուրսները և Հնդկաստանի օգտակար հանածոների հարուստ պաշարները երկու երկրներին հնարավորություն կտան համագործակցել արդյունաբերության տարբեր ոլորտներում»,- ասել է ԻԻՀ նախագահը: Խոսելով ռազմավարական նշանակություն ունեցող իրանական Չաբահար նավահանգստի զարգացման վերաբերյալ երկու երկրների միջև ստորագրված փաստաթղթերի մասին՝ Ռուհանին հայտարարել է, որ այդ նավահանգիստը կարող է խորհրդանիշ դառնալ Իրանի ու Հնդկաստանի միջև: Ռուհանին կարևորել է նաև բանկային, զբոսաշրջային, գիտական ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացումը:
