Կոռոպցիայի դեմ պայքարը երկար ժամանակ կպահանջի.Արմեն Ալավերդյան
«Կոռոպցիայի դեմ պետք է պայքարել համակարգային, իսկ շոշոփելի արդյունքներ ունենալու համար բավականին երկար ժամանակ կպահանջվի: Մենք պետք է անպայման առաջին հերթին գտնենք կոռուպցիայի առաջացման նախապայմաններն ու դրանց պատճառները թվարկենք, հետո տեսնենք դրա ուղղությամբ ինչ է արվել, ինչ է արվում և ինչ պետք է արվի», - ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը և հավելեց.«Եթե պետական կառավարման համակարգը սոցիալապես պաշտպանված չէ, իսկ պաշտոնյան չի ստանում այն աշխատավարձը, որը հնարավորություն կտա իրեն անձնական կարիքները բավարարել, կոռուպցիայի ռիսկը միշտ էլ կլինի: Սա պատճառներից մեկն է: Ու որքան էլ մենք հայտարարենք, խոսենք, պայքարենք, ոչինչ չի փոխվելու: Այսինքն՝ այս ոլորտում մենք պետք է ավելի հասցեական մոտեցում ցուցաբերենք»: Լրագրողի դիտարկմանը՝ թե պաշտոնյաներն այսօր միլիոնավոր դոլարներ են հայտարարագրում, դա քի՞չ է, նա հավելեց. «Այդ առիթով մենք պետք է ուրախանանք, քանի որ դա տանում է թափանցիկության: Վատ է այն, որ պաշտոնյան միլիոններ ունի, ու ոչինչ չի հայտարարագրում»: «Պետությունը պետք է իմանա, թե այդ եկամուտները կոնկրետ ինչի վրա են ծախսվում, քան պահվեն: Պետք է ունենանք համապատասխան բազա: Իսկ երբ պետական պաշտոնյան չի հայտարարագրում, կամ թաքցնում ու խուսափում է դրանից, դա ավելի վտանգավոր է: Ինչ որ պահից հարց է առաջանում, թե այդ եկամուտները որտեղից են առաջանում, իսկ պաշտոնյան պարտավոր է այդ բոլոր հարցերին պատասխանել», - ասաց Ա.Ալավերդյանը: Նա առաջարկում է խնդիրներից խուսափելու համար այդ հարցը կարգավորել նաև օրենքով:
