Թաքցնելու բան չկա, եղել է զորքերի որոշակի տեղաշարժ.Օհանյան
«ԼՂՀ սահմաններում կրակոցների թիվը շատ քիչ է: Մենք մշտական կապի մեջ ենք ԼՂՀ ՊԲ-ի հրամանատարության հետ, ԼՂՀ-ի սահմաններում կրակոցների թիվն այսօր շատ քիչ է, փորձում են պահպանել հրադադարի ռեժիմը։ ՊԲ-ի ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրավիճակը։ Շաբաթ օրը ՊԲ-ի առաջին գծում էի, ասեմ, որ տրամադրությունները շատ բարձր էր, ստորաբաժանումները պատրաստ են իրենց մարտական խնդիրները կատարել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հարցին, թե նախարարն ինչպես կմեկնաբանի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի՝ «Կորցրած 800 հեկտարը ամայի տարածք է և պետք մոռանալ այդ մասին» հայտարարությունը, նախարարը պատասխանեց, որ մարտական գործողությունների ժամանակ՝ լինի պաշտպանողական, թե հարձակվողական, լինում է զորքերի տեղաշարժ.«Թաքցնելու բան չկա, եղել է զորքերի որոշակի տեղաշարժ, որն այսօր գտնվում է ՊԲ-ի ստորաբաժանումների վերահսկողության ներքո: Այս տարածքները ամրագրված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում, և կարծում եմ, բանակցային գործընթացում դրանց համապատասխան ընթացք կտրվի»: Այդուհանդերձ պետք է արդյոք մոռանալ այդ տարածքների մասին հարցին, նախարարը պատասխանեց. «Ինչպես մենք չենք մոռանում մեր բոլոր պատմական տարածքները, այդպես էլ այդ տարածքները չենք կարող մոռանալ և դրա համար էլ ստեղծում ենք այնպիսի դիրքային պաշտպանություն, որի վերահսկողությունը՝ ազդեցության առումով, նախաձեռնության առումով,կրակային խոցման առումով, Պաշտպանության բանակի անձնակազմի ներքո լինի»:
