Հայաստանի արտաքին պարտքը
Ազգային ժողովի մշտական հանջնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ Հայաստանի արտաքին պարտքը 2015թ. վերջին կազմել է 5 միլիարդ 79 միլիոն ԱՄՆ դոլար կամ 2 տրիլիոն 457 միլիարդ ՀՀ դրամ: «Կիրառվող ցուցանիշների տեսակետից ՀՀ-ն գնահատվում է որպես նվազ պարտքի բեռ ունեցող երկիր»,-ասաց նա՝ հայտնելով, որ նման երկրներ են համարվում 48%-ից փոքր ՀՆԱ/պարտք ունեցող երկրները, իսկ ՀՀ համար այդ ցուցանիշն ավելի փոքր է եղել: «Դրանից կառավարության պարտավորություններն են 4 միլիարդ 602 միլիոն դոլարը կամ 2 տրիլիոն 226 միլիարդ դրամը: Ընդհանուր պետական պարտքից արտաքին պարտքը կազմել է 4 միլիարդ 317 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ ներքինը՝ 761 միլիոն դոլար»,- նշեց Ջանջուղազյանը: Պարտքի հիմնական մասը` 1 տրլն 858.1 մլրդ դրամը կամ 3 մլրդ 841 մլն ԱՄՆ դոլարը ՀՀ կառավարության պարտավորություններն են, 230.4 մլրդ դրամը կամ 476.3 մլն ԱՄՆ դոլարը` ՀՀ կենտրոնական բանկի վարկային պարտավորությունները: Հաշվետու տարում ՀՀ արտաքին պետական պարտքի սպասարկումը կազմել է 391.1 մլն ԱՄՆ դոլար, որից 355.9 մլն ԱՄՆ դոլարը` կառավարության և 35.2 մլն դոլարը` ԿԲ պարտավորությունների գծով: Ջանջուղազյանի խոսքով` պետք է հաշվի առնել, որ ներառված են նաև եվրոբոնդերի հետ կապված ծախսերը: Ջանջուղազյանը տեղեկացրեց նաև, որ Հայաստանը շարունակում է մնալ արտաքին պարտքի նվազ բեռ ունեցող երկրների ցանկում:
