Չեմ կարծում, որ Ալիևը կգնա ճակատային պատերազմի.քաղաքագետ
Քաղաքագետ, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի կարծիքով մեկ ազգ, երկու պետություն սկզբունքն Ադրբեջանի համար մնում է արդիական. «Սա և մի շարք այլ հանգամանքներ նպաստել են, որ այդ երկիրը հայտնվի ծանր վիճակում: Տնտեսական խնդիրներ կան, Միացյալ նահանգների հետ հարաբերությունները լարված են, ադրբեջանաբնակ լեզգիները բողոքում են, որ իրենց գյուղերում ոչինչ չի արվում, իսկ թյուրքաբնակ գյուղերում ճանապարհ են նորոգում, դպրոց են կառուցում: Եվ այսպիսով, ստացվում է՝ Ադրբեջանն ունի աշխարհաքաղաքական, տնտեսական ծանր վիճակ, ներքին լարվածություն ազգային փոքրամասնությունների հետ»,-Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարում է Արա Պապյանը: «Չեմ կարծում, որ Ալիևը կգնա ճակատային պատերազմի, քանի որ մեծ վտանգներ կան իր համար: Լարվածությունը կշարունակվի, կշարունակենք զոհեր ունենալ սահմանին, բայց մեծածավալ պատերազմ չեմ կանխատեսում»,-նշեց պարոն Պապյանը: Նա վստահ է, որ մի օր տրոհված Թուրքիա ու թուլացած Ադրբեջան ենք տեսնելու, սակայն Հայաստանին մինչ այդ պետք է դիմանալ: «Մեր պաշտպանական համակարգում պետք է վերանայումներ արվեն:Երկրի պաշտպանությանն ուղղված բյուջեում պետք է վերահաշվարկ կատարել. Սահմանները պետք է տեխնիկապես վերազինել: Չեմ ասում՝ դրանով լիովին կբացառենք զոհերը սահմանին, բայց լավ ազդանշանային համակարգն օրինակ կարող է էականորեն նվազեցնել դա: Նայեք՝ մեր բյուջեի մեջ որքան մսխումներ կան. Պաշտպանության նախարարությունում ինչքան վարչության պետեր կան, անպայման գեներալ պետք է լինեն: Ո՞վ ասաց, որ այդպես պետք է լինի»:
