«Էրդողանի հասցեին ամենավիրավորական բանաստեղծությունը» մրցույթում հաղթեց Լոնդոնի նախկին քաղաքապետը
Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը 1000 ֆունտ ստերլինգ արժողությամբ մրցանակ է շահել Թուրքիայի նախագահի մասին վիրավորական բանաստեղծություն հորինելու համար: The Guardian-ի փոխանցմամբ` Ջոնսոնի կատակային ոտանավորը, որը հրապարակվել է The Spectator պարբերականում, պատասխանն է գերմանացի երգիծաբան Յան Բեմերմանին դատապարտելուն ուղղված Ռեջեփ Թայիփ Էրդողանի ջանքերի: Բանաստեղծության մեջ խոսվում է Էրդողանի` այծի հետ սեռական հարաբերություն ունենալու մասին: Ջոնսոնին հաջողվել է հաղթել The Spectator-ի կազմակերպած «Նախագահ Էրդողանի վիրավորական պոեզիայի մրցույթում»: Նշվում է, որ մրցույթում մասնակցության հազարավոր հայտեր են ընդունվել: Մրցանակային գումարը նվիրաբերել է ընթերցողներից մեկը: Ջոնսոնը, ում նախապապը թուրքական ծագում է ունեցել, «սկանդալ» է անվանել այն, որ գերմանական դատարանը արգելել է Բեմերմանին կրկնել թուրք նախագահի մասին իր երգիծական բանաստեղծության ընթերցումը:
