ՌԴ և ՀՀ համատեղ հայտարարության տեքստը «կորել» է
Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանների պաշտպանության և ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովների ապրիլի 15-ին Երևանում կայացած նիստից անցել է մեկ ամսից ավելի, սակայն կողմերը դեռ չեն համաձայնեցրել համատեղ հայտարարության տեքստը։ Հիշեցնենք, նիստի արդյունքներն ամփոփելիս ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշեց, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որպեսզի համատեղ հայտարարության տեքստով հանդես գան ավելի ուշ, թեև նախապես հայտարարվել էր, որ սույն հայտարարությունը հրապարակվելու է նիստից անմիջապես հետո։ «Հայկական ժամանակի» աղբյուրները հայտնում են, որ մինչ օրս հայտարարության տեքստը համաձայնեցված չէ, հետևաբար նաև ընդունված չէ։ Թերթին հասած տվյալներով, հայտարարության տեքստում ռուսական կողմի համար խնդրահարույց էին եղել Ղարաբաղի դեմ ապրիլի սկզբին պատերազմական գործողություններ սանձազերծած Ադրբեջանի վերաբերյալ ձևակերպումները։ Ռուսական կողմը ժամանակ էր խնդրել, որպեսզի տեքստը համաձայնեցնեն նաև իրենց քաղաքական ղեկավարության հետ, աշխատեն այդ ուղղությամբ ու հետ ուղարկեն իրենց համար ընդունելի տարբերակը։ Սակայն մինչև օրս որևէ լուր չկա, նշում են մեր աղբյուրները։ Թերթին հայտնի դարձավ, որ օրեր առաջ Կորյուն Նահապետյանն անգամ նամակ է հղել ռուսաստանցի գործընկերներին՝ հայտարարության տեքստի ճակատագրի մասին «լուր» իմանալու համար։ Նրա նամակը դեռ մնում է անպատասխան։
