Պատմական քվեարկության օրը
RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ռիզեում իր կողմնակիցների առջև ունեցած ելույթում պատմական է որակել երկրի խորհրդարանի մի շարք պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրինագծի ընդունումը. «Այսօր տեղի ունեցավ պատմական քվեարկություն: Իմ ժողովուրդը չի ցանկանում խորհրդարանում տեսնել պատգամավորների, որոնք աջակցում են անջատողական, ահաբեկչական կազմակերպությանը (PKK): Իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ) ասում են, որ նրանք չպետք է գտնվեն այստեղ»: Թուրքիայի խորհրդարանում մի շարք պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու օգտին քվեարկել է 550 պատգամավորներից 376-ը: Ընդունման համար անհրաժեշտ էր 367 քվե: Խոսքը 138 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու մասին է, որոնցից 101-ը ներկայացնում են ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ):
