Էրդողանը «պատմական» է համարում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «պատմական» է համարել երկրի խորհրդարանի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրենքի ընդունումը, որի օգտին այսօր քվեարկել է 550 խորհրդարանականներից 376-ը: «Այսօր պատմական քվեարկություն է: Իմ ժողովուրդը չի ցանկանում խորհրդարանում տեսնել պատգամավորների, որոնք աջակցում են անջատողական ահաբեկչական կազմակերպությանը: Իշխող կուսակցությունը, «Ազգային շարժում» կուսակցությունը ասում են. «Նրանք չպետք է այստեղ լինեն»»,- հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ռիզե քաղաքում՝ իր կողմնակիցների առաջ: Ավելի վաղ օրինագծի քննարկման փորձերը Թուրքիայի խորհրդարանում վերածվել էին ծեծկռտուքի իշխող և քրդամետ կուսակցությունների անդամների միջև:
