Toyota-ն կոտրել է գազախողովակի սյուներն ու 200 մ գլխիվայր շրջվելով` հայտնվել հողամասում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` մայիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Toyota մակնիշի 34 RՏ 321 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Էջմիածին ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս` դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի հենասյանը և մոտ 250 մ գլխիվայր շրջվելով` հայտնվել քաղաքացու հողամասում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորներ քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բրիգադի կողմից տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզաին քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը` բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքերը ղեկավարում է Վաղարշապատի քննչական բաժնի ավագ քննիչ Հայկ Քասինյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարի հետևանքով վնասվել են նաև գազատար խողովակի հենասյուները: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
