ՀՀ Նախագահը ծանոթացավ սիրիահայերի արտադրանքին
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում ծանոթացավ Հայաստանում հաստատված սիրիահայերի հիմնած ծառայությունների ոլորտներին, արտադրանքին, որոնց մի մասը նաև արտահանվում է: Ինչպես հուշում էր այս էքսպոյի խորագիրը`«Նոր հեռանկարներ սիրիահայերի համար», տաղավարները ներկայացնում էին Հայաստանում հաստատված գործարարությամբ զբաղվող սիրիահայերի 70-ից ավելի ընկերությունների ներկայացուցիչներ ու անհատ ձեռնարկատերեր: Տեսականին շատ լայն էր. հաստոցաշինական, արդյունաբերական սարքավորումներից, լազերային տեխնոլոգիաներից, ԵՄ ստանդարտներով սարքավորումներից /որոնք կարող են բացել հայ արտադրողի համար նաև եվրոպական շուկան Tert.am/, մինչև ձեռագործ գորգեր, տպագրության, հրատարակչության, ոսկերչության, փայտամշակման, զբոսաշրջության, ասեղնագործության, սարքավորումների արտադրության նմուշներ, “Made in Armenia” լոգոյի ներքո` կոշկեղեն, մարզական հագուստ ու չրեղեն, համեմունքներ ու քաղցրավենիք: ՀՀ սփյուռքի ու էկոնոմիկայի նախարարների ու այլ պաշտոնյաների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ ՀՀ Նախագահը մոտեցավ բոլոր տաղավարներին, հետաքրքրվեց, թե ինչ արտադրանք է, ո՞ւմ համար է նախատեսված` ներքի՞ն շուկայի, թե՞ արտաքին: Ցուցահանդեսի ամենահանդիսավոր մասից` կարմիր ժապավենի կտրման արարողությունից հետո, Նախագահը, հաստոցաշինական սարք հիշեցնող պատրաստի արտադրանքի մոտ կանգ առնելով, հարցրեց`«Սա բերում, վաճառու՞մ եք, թե՞ դուք եք հավաքում»: Ապա հետաքրքրվեց, թե ինչպես է ընթանում բիզնեսը, որին ի պատասխան սիրիահայն ասաց, որ «բիզնեսը նոր է, շատ հաջող չէ, բայց լավ է» : Մեկ այլ տաղավարում սիրիահայ տղամարդը Հանրապետության Նախագահին պատմեց, որ լազերային տեխնոլոգիաներ և հերմետիկ փակվող արտադրանք են արտադրում, ունեն սերտիֆիկատներ Գերմանիայից և Իսպանիայից, նաև ասաց, որ Սիրայում նույն արտադրությունն ունեցել են ավելի մեծ ծավալներով: Զարգացման ծրագրերի մեջ է մտնում ներդնել ԵՄ ստանդարտներով մոդելներ, ինչը նաև եվրոպական շուկա մուտք գործելու հնարավորություն կտա: Մի սիրիահայ էլ արևելահայերենով ՀՀ Նախագահին տեղեկացրեց, որ ծանր տեխնիկայի «զապչաստներ» են արտադրում: Պարզվեց, որ կա նաև հաստոցների ավտոմատացման արտադրություն, որը նաև արտահանվում է: «Պահանջարկ կա՞»,-նախքան այդ հարցրեց ՀՀ Նախագահը սիրիահայ արտադրողից: Մյուս տաղավարներն արդեն սիրիահայերի ավանդական քաղցրավենիքի ու համեմունքների տաղավարներն էին: Հետաքրքիր էր նաև կոշկեղենի արտադրանքը: Այս նորաբաց բիզնեսի սեփականատերը Սերժ Սարգսյանին պատմեց, որ ունեն նաև փոքր խանութ, իսկ այն փոքր է, քանի որ արտադրանքի հիմնական մասն արտահանվում է: Ի դեպ, գրեթե բոլոր սիրիահայերը նշում էին, որ Սիրիայում շատ ավելի մեծ արտադրություն ու գործարաններ են ունեցել, սակայն այստեղ հաշվի են առնում շուկան ու պահանջարկը: Նշենք, որ 2012-ից մինչ օրս ՀՀ սփյուռքի նախարարության և պետական մարմինների գործընկեր կառույցների, հայաստանյան և միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվել են սիրիահայերի աջակցության բազում ծրագրեր: Այսպես՝ 2012-2015թթ. Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի կողմից տարբեր տիպի աջակցություն է ցուցաբերվել 500 սիրիահայի, մշակվել են 100-ից ավելի բիզնես ծրագրեր, որոնցից առավել հաջողված 85 ծրագրի հեղինակները ՓՄՁ ԶԱԿ-ից ստացել են վարկեր` արտոնյալ պայմաններով /մինչև 5 մլն, իսկ այս տարվանից` մինչև 7 մլն Tert.am/ ՀՀ դրամ 4 տոկոս տոկոսադրույքով` 5 տարի մարման ժամկետով: Այս ընթացքում շուրջ 450 սիրիահայերի համար կազմակերպվել են դասընթացներ մաքսային և հարկային օրենսդրության վերաբերյալ, կազմակերպվել է 40 սիրիահայ գործարարների հանդիպում-քննարկումը ՀՀ Նախագահի հետ` բժշկական կենտրոնների, ոսկերչական արտադրամասերի և արտադրատարածքների հիմնադրման խնդիրների վերաբերյալ: Իրականացված ծրագրերը ներառում են ընդհուպ մինչև ավանդական ասեղնագործության ու թաղիքագործության դասընթացները` սիրիահայ կանանց համար: Սիրիահայերն իրենց հատկացված աջակցության շրջանակներում հատկապես կարևորում են ՀՀ սփյուռքի նախարարության միջնորդությամբ սիրիացի երկու տասնյակից ավելի վարպետներին` Երևանի քաղաքապետարանի կողմից մշտական տեղերի հատկացումը Վերնիսաժում գտնվող բացօթյա տոնավաճառում: Սփյուռքահայերին աշխատանքի տեղավորման հարցում աջակցությունն ունի հետևյալ թվային պատկերը` Սփյուռքի նախարարությունն աշխատանքի տեղավորման աջակցության խնդրանքով դիմած 2,200 սիրիահայերից շուրջ 1200 սիրիահայ ապահովվել է աշխատանքով, շուրջ 500 սիրիահայեր աշխատանք են ձեռք բերել հենց իրենց իսկ` սիրիահայերի կողմի ստեղծված բիզնեսներում, իսկ 80-ից ավելի սիրիահայ բժիշկներ տեղավորվել են աշխատանքի տարբեր առողջապահական հիմնարկներում:
