Վարչապետի հանձնարարականի համաձայն ինտենսիվ աշխատանք ենք տանում.Դավիթ Հարությունյան
«Վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ պետմիջոցների խիստ նպատակային ու արդյունավետ օգտագործման մասին հանձնարարականի համաձայն սկսվել է ինտենսիվ աշխատանք :Բոլոր կետերով աշխատանքները սկսված են, ինտենսիվ ընթանում են: Վարչապետի հանձնարարականի նախագծով առաջարկվում է, որպեսզի միջոցները խիստ նպատակային ու արդյունավետ օգտագործվեն», - կառավարության նիստում հայտարարեց գործադիր մարմնի աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Պետական իշխանության կառավարման մարմիններին հանձնարարական է տրվել 2016 թվականի պետբյուջեով նախատեսված, ներառյալ միջազգային կազմակերպությունների և օտար պետությունների կողմից տրամադրված վարկային դրամաշնորհային ծրագրերը, ինչպես նաև՝ արտաբյուջետային միջոցների հաշվին իրականացվող ծախսերը, միջծրագրային, միջհոդվածային, միջեռամսյակային, ներհոդվածային, այդ թվում՝ գնումների անվանացանկերի փոփոխությունները համաձայնեցնել վարչապետի հետ,ասաց նա: Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, հիշեցնելով, որ վարչապետի կողմից կար հանձնարարական կառավարման ապարատի օպտիմալացման ուսումնասիրության վերաբերյալ, զեկուցեց, որ ստեղծված է հանձնաժողով, որը զբաղվելու է այդ խնդրով: Նա տեղեկացրեց, որ արդեն իսկ նիստ են գումարել և ժամանակի ընթացքում կներկայացնեն առաջարկություններ:
