Կառավարությունը կկրճատի 797 մեքենա
ՀՀ Կառավարությունն առաջին փուլում կրճատելու է 797 մեքենա: Այս մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ վարչապետի հանձնարարականը կատարելու ուղղությամբ աշխատանքները սկսվել են: Դավիթ Հարությունյանը նշեց, որ որ իրենք աշխատել են բոլոր նախարարությունների հետ` բացառությամբ ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների: «Աշխատել ենք բոլոր առընթեր մարմինների հետ` բացառությամբ՝ ոստիկանության, Ազգային անվտանգության, Քննչական ծառայությունների և Փրկարար ծառայության», - ասաց Դ.Հարությունյանը: Նա նշեց նաև, որ ավտոմեքենաների մի մասը օգտագործվում էր պետական մարմինների կողմից. «Առաջարկում ենք ֆինանսների նախարարին հանձնարարել կառավարության հաջորդ նիստին ներկայացնել որոշման նախագիծ, որում արտացոլված կլինի բյուջեից ֆինանսավորվող պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակների նվազումը, ինչպես նաև մեքենաների պահպանման ծախսերի նվազեցումը», - ասաց նա: «Ի լրումն նշածիս՝ նախապատրաստվել է վարչապետի հանձնարարականի նախագիծ, որով արգելվում է առաջինը՝ սպասարկող, այսինքն՝ հերթապահ մեքենաների ամրագրումը որևէ կոնկրետ պաշտոնատար անձի: Վարչապետի վերահսկողական ծառայության կողմից պարբերաբար ուսումնասիրություններ պետք է կատարվեն սպասարկող մեքենաների օգագործման նպատակայնության վերաբերյալ: Երկրորդը՝ բոլոր նշված մարմինների պաշտոնական կայքերում պետք է զետեղվի տեղեկատվություն մեքենա առ մեքենա, թե ում է այն սպասարկում, մակնիշը, արտադրության թվականը, շարժիչի հզորությունը, պետհամարանիշը: Երրորդ՝ պետք է արգելվի ծառայողական նպատակներով օգտագործելու համար պետական ոչ առևտրային կազմակերպություններին, ՓԲԸ-ներին, հիմնադրմաներին կամ պետական հիմնարկին պատկանող մարդատար ավոմեքենաների տրամադրումը հանրապետական գործադիր մարմիներին»,- ասաց Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով՝ աշխատանքները շարունակվում են:
