Նաև բարոյական պարտավորություն ունենք. Հովիկ Աբրահամյան
Հայաստանի կառավարությունը բարոյական պարտականություն ունի վիրավոր զինծառայողների ընտանքիների նկատմամբ՝ նրանց աջակցություն տրամադրելու առումով: Ազգային ժողովում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին: «Այդ մարդիկ իրենց կյանքը վտանգել են, հաշմանդամ են դարձել մեր երկրորդ հանրապետության սահմանները պաշտպանելու ժամանակ: Մենք պարտավոր ենք նրանց ամեն գնով աջակցել: Եթե անգամ օրենքը մեզ թույլ չի տա ծանր վիրավորների բուժումն արտերկրում կազմակերպել, մենք մեր գործընկերների հետ միասին պատրաստ ենք այդ խնդիրներին լուծում տալ», «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Աբրահամյանը՝ անդրադառնալով պատգամավորի հարցադրմանը, թե «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժում են ստանում երեք ծանր վիրավոր զինծառայողներ, որոնք բուժումն արտերկրում շարունակելու կարիք ունեն, իսկ նրանց ընտանիքները բավարար ֆինանսական միջոցներ չունեն: Վարչապետը հավելեց, որ նիստի ավարտից հետո առողջապահության նախարարի հետ կքննարկի հարցը և խնդրին լուծում կտրվի:
