Նիլս Մույժնիեքսը դատապարտել է Ադրբեջանում երիատասարդ ակտիվիստներին կտտանքների ենթարկելը
Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մարդու իրավունքների հարցերով եվրահանձնակատար Նիլս Մույժնիեքսը դատապարտել է Ադրբեջանում ոստիկանության կողմից երիտասարդ ակտիվիստներ Գիյաս Իբրահիմովի ու Բայրամ Մամեդովի հանդեպ կիրառված բռնությունը: «Ես շատ մտահոգ եմ Բաքվի ոստիկանատանը երկու երիտասարդ ակտիվիստների՝ Բայրամ Մամեդովի ու Գիյաս Իբրահիմովի հանդեպ կոշտ վերաբերմունք ցուցաբերելու մասին հաղորդումներից»,- ասել է մարդու իրավունքների հարցերով եվրահանձնակատարը: Երիտասարդներին թմրանյութեր պահելու կասկածելի մեղադրանքով Ադրբեջանում ձերբակալել են մայիսի 10-ին, ինչը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նրանք վիրավորական գրառումներ են կատարել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանի պատվանդանին և սոցցանցերում տարածել են այդ լուսանկարը: Երիտասարդները փաստաբանին պատմել են, որ կտտանքների են ենթարկվել ոստիկանների կողմից: Նրանց մարմիններին առկա են եղել կապտուկներ: Փաստաբանի խոսքերով՝ երիտասարդներից պահանջվել է ներողություն խնդրել Հեյդար Ալիևի արձանից:
