«Սերժ Սարգսյանի ամեն հարցազրույցից հետո ես ինչ-որ նոր բան եմ նկատում». Վլադիմիր Կարապետյան
ՀԱԿ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց, որ դիվանագիտական ջանքերի շնորհիվ պետք է հասնել միջազգային հանրության հասցեական գնահատականներին: Կարապետյանի համար նախագահի վերջին հայտարարությունից կային նոր բացահայտումներ և որպես այդպիսին նշեց այն,որ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում ասել էր, որ Ղարաբաղի հարցում հայկական կողմի նպատակը ստատուս-քվոյի պահպանումը չէ: «Ես նկատել եմ, որ Սերժ Սարգսյանի ամեն հարցազրույցից հետո ես մի ինչ-որ նորություն եմ նկատում, ինչ-որ մի նոր բան է ավելանում նախկինում իմ իմացածին: Ինձ համար սա նորություն էր, որովհետև ես սովոր եմ այդ հայտարարությունը լսել բանակցային այն կողմից, եթե սա մեր պաշտոնական դիրքորոշումն է, ես կկամենայի ստանալ բացատրություններ, և հենց Արտգործնախարարությունը բացատրեր, թե ինչու մենք որոշեցինք այդ լեզուն օգտագործել՝ խոսելով բանակցային գործընթացի մասին: Սա նորություն է, նոր արտահայտություն է իշխանության ներկայացուցչի կողմից, իմ ականջին սովոր չէ»,- նշեց Վլադիմիր Կարապետյանը:
