Մանվել Գրիգորյանին վարկաբեկելը ջուր է լցնում Ադրբեջանի ջրաղացին .Շարմազանով
«Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին վարկաբեկելը ջուր է լցնում Ադրբեջանի ջրաղացին»,-այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Վերջինիս խոսքով, այսօր պետք է համախմբվենք և միասնական լինենք, այլ ոչ թե քար նետենք միմյանց վրա: «Հիմա քար նետելու ժամանակը չէ»,- հավելեց նա: «Մանվել Գրիգորյանը Արցախի հերոս է, Արցախի հաղթանակի կրողներից մեկը: Եվ Մանվել Գրիգորյանի ու նրա նման հերոսների շնորհիվ մենք այսօր ունենք ազատագրված Արցախ: Այսօր Արցախի հերոսի նկատմամբ, ցանկացած հերոսի նկատմամբ, բայց տվյալ դեպքում Մանվել Գրիգորյանի նկատմամբ ցեխ շպրտելը, սև PR-ով զբաղվելը բխում է բացարձակապես Ադրբեջանի և Թուրքիայի շահերից: Նման քայլին գնալը ջուր լցնել է Ալիևի և Ադրբեջանի ջրաղացին»,- ասաց Շարմազանովը և հավելեց,որ «չի կարելի ամեն ինչ հրապարակել, և հետո ասելու ձև կա»: «Վ.Բադասյանը կարող է զանգել Մ.Գրիգորյանին, խնդրել հանդիպել ու ճշտել՝ նման բան եղե՞լ է, թե՞ ոչ: Հրապարակային այս պահին Արցախի հերոսի նկատմամբ ցանկացած ապատեղեկատվություն, վարկաբեկիչ նյութ բխում է Ադրբեջանի շահերից: Մենք չպետք է անենք բան, որը բխում է Ադրբեջանի շահերից»,- ասաց ՀՀԿ խոսնակը` հավելելով, որ Մ.Գրիգորյանն իր 12-13 տարեկան որդու հետ այնտեղ կռվել է, և այսօր նստել և ասել, թե 1992 թ. ինչ է եղել, ճիշտ չէ: Այլապես, Շարմազանովի խոսքով, պետք է Նժդեհի ու Անդրանիկի կռվի մասին, Ռուբեն Տեր-Մինսյանի ու Նժդեհի մասին, Դրոյի ու Անդրանիկի տարաձայնությունների մասին էլ խոսեն. «Էդպես մենք ո՞ւր կհասնենք, ժողովուրդ: Ուրեմն իմ կոչն ա՝ Մանվել Գրիգորյանից հեռու մնացեք, Մանվել Գրիգորյանը Արցախի հերոս ա»: Հիշեցնենք, Արցախի հերոս հրամանատար Վահան Բադասյանը պատմել էր, թե ինչպես է գեներալ Մանվելը հայհոյել զինվորներին Հադրութում, երբ ճանապարհը նեղ է եղել ու չի կարողացել իր ողջ շքախմբով լայն ճանապարհով անցնել:
