ԱՄՆ Պետդեպը Սարգսյան-Ալիև հանդիպման մասին.ճիշտ ուղղությամբ արված քայլ էր
«Երկու երկրների նախագահներն էլ պարտավորվել են հարգել հրադադարը, ջանքեր գործադրել փոխադարձ վստահության հաստատման համար, ինչպես նաև եկող ամիս վերսկսել բանակցությունները՝ հակամարտությանը համապարփակ լուծում գտնելու համար:Նրանք դրսևորեցին քաղաքական կամք` ստատուս-քվոյի շրջանակներից դուրս գալու ու տարածաշրջանի ողջ բնակչության համար օգտակար քայլերի դիմելու համար: Իսկ Միացյալ Նահանգներն էլ իր կողմից պատրաստակամ է աջակցել կողմերին այս հարցում: Այլ կերպ ասած` սա շատ դրական հանդիպում էր ու ճիշտ ուղղությամբ արված քայլ: Այժմ բոլորը պետք է ջանասիրաբար աշխատեն` իրենց ստանձնած պարտավորությունները կյանքի կոչելու համար»,-ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին ամենօրյա ճեպազրույցի շրջանակում անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը` պատասխանելով լրագրողների մի շարք հարցերի: Լրագրողներից մեկը, դիմելով Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչին, հիշեցրել է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պատրաստակամ են հակամարտ զորքերի շփման գծի երկայնքով կրակի արձակման վայրը ֆիքսող համակարգերի տեղադրմանը, մինչդեռ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը: Երբ լրագրողը խնդրել է Քիրբիին մեկնաբանել Բաքվի նման դիրքորոշումը` ամերիկացի պաշտոնյան հրաժարվել է այդ առնչությամբ որևէ բան ասել:
