Չավուշօղլուն կհեռանա՞
Anadolu գործակալությունը հայտնում է,որ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է պաշտոնից հեռանալու պատրաստակամության մասին, եթե ապացուցվի Թուրքիայի կապը ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հետ, նա նաև խիստ դժգոհություն է հայտնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն պնդումների վերաբերյալ, թե Անկարան աջակցում է ԴԱԻՇ-ին: «Դուք, պարոն Լավրով, լուրջ դիվանագետ եք ու այս նիստի ամենափորձառու մասնակիցներից մեկը: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ դուք չպետք է լուրջ ընդունեիք նման կարգի հորինվածքները: Եթե Ռուսաստանն ունի Թուրքիայի կողմից ԴԱԻՇ-ին աջակցություն ցուցաբերելու թեկուզ մեկ ապացույց, ապա ես պատրաստ եմ հրաժարական ներկայացնել»,- հայտարարել է Չավուշօղլուն Վիեննայում: Նա հիշեցրել է նաև Թուրքիայի նախագահի խոսքերը, որը նախկինում բազմիցս հերքել է Թուրքիայի կապը ԴԱԻՇ-ի հետ, ինչպես նաև հայտարարել, թե պատրաստ է պաշտոնը թողնել, եթե ինչ-որ կապ ապացուցվի: Ինչպես Վիեննայի համաժողովի ժամանակ հայտարարել էր Լավրովը, կան բազմաթիվ գործոններ, որոնք վկայում են լուրջ ցանցի մասին, որը Թուրքիան ստեղծել է ԴԱԻՇ-ին թուրք-սիրիական 90 կիլոմետրանոց սահմանով օգնություն ցուցաբերելու համար:
