«Ինչո՞ւ կարանտին չեն հայտարարում». «խոզի» գրիպից երեխա մահացավ
Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում հունվարի 11-ին քաղցկեղով հիվանդ 10 ամսական երեխա է մահացել, ով վարակված է եղել H1N1 վիրուսով (խոզի գրիպ): Տեղեկությունը Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից: Համաքաղաքացիները անգամ փողոցում բարձրաձայնում են.«Ինչո՞ւ կարանտին չի հայտարարվում: Մարդիկ վախենում են փողոց դուրս գալ ու աշխատանքը չկորցնելու համար ստիպված են լինում մասսայական վայրերում լինել»: Մահացած փոքրիկը Սյունիքի մարզի Վաղատուն գյուղից Նելլի Հովսեփյանն է: Երեխայի մոտ նախապես հայտնաբերվել էր ուռուցք, որը հեռացվել էր: Ավելի ուշ փոքրիկի մոտ հայտնաբերվել է H1N1 վիրուս, ինչի հետևանքով առաջացել է թոքաբորբ: Նշենք, որ հունվարի 11-ին առողջապահության նախարարությունում կազմակերպված մամուլի ասուլիսից հետո մինչև ժամը 20:00-ը թոքաբորբով հիվանդների թիվը 412 էր, այսօր ժամը 20:00-ի դրությամբ հիվանդների թիվը նվազել է` 396: Վերակենդանացման բաժանմունքներում բուժում ստացողների թիվը 92-ից օրվա ավարտին դարձել է 81: Սուր շնչառական վարակներով հղի կանանց թիվը նախկին 101-ից դարձել է 85, ապա նվազել է 78-ի: Սուր շնչառական վարակներով երեխաների թիվը 720-ից դարձել է 684: Միաժամանակ, այս պահի դրությամբ 14 հիվանդի միացված է արհեստական շնչառության սարք: Նրանցից 8-ի մոտ է հաստատվել է գրիպի H1N1 ենթատեսակը: Սուր շնչառական վարակներով հիվանդների ընդհանուր թիվը եթե հունվարի 11-ին, ժամը 20:00-ին 855 էր, ապա այս պահին 799 է: Նշենք, որ սա արդեն խոզի գրիպից մահացության 8-րդ դեպքն է Հայաստանում: Լուսինե Ղազարյան
